Սույն թվականի ապրիլի 7-ին, Իբիս Երևան Սենթր հյուրանոցում տեղի ունեցավ «ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ․ ԻՆՏԵԳՐԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ» խորագիրով մուլտիդիսցիպլինարային գիտագործնական սեմինար:

Ողջյունի խոսքով հանդես եկան Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Հակոբյանը և տնօրեն Ռուզաննա Ազատյանը, Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը և ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու սեքսոպաթոլոգիայի գծով Սևադա Հակոբյանը, ինչպես նաև ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի կողմից շնորհակալագիր շնորհվեց Ասիական Զարգացման Բանկի Հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ Զ. Սոլախյանին վերջին տարիների համագործակցության և մի շարք ծրագրերի աջակցության համար:

        

Պրոֆեսոր Հակոբյանը ներկայացրեց «Բժշկական սեքսոլոգիայի ակտուալ ասպեկտները» թեման: Սեմինարի ընթացքում «Հոգեկան և սեռական կոմորբիդ խանգարումներ» թեմայով հանդես եկավ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբուժական ծառայության ղեկավար բ․գ․դ․ պրոֆեսոր Սամվել Սուքիասյանը: Ինսայթ հոգեկան առողջության  կենտրոնի տնօրեն, հոգեբույժ Վահան Սիմոնյանի ելույթի թեման էր «Դեպրեսիաներ․ կանանց և տղամարդկանց մոտ սեռական խանգարումներ»: ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս բ․գ․թ․ Արսեն Գրիգորյանը ներկայացրեց «SSRI խմբի անտիդեպրեսանտներով պայմանավորված սեռական խանգարումներ և  բուժման առանձնահատկությունները» թեման: «Կանանց հոգեծին սեռական խանգարումներ և  բուժման նորագույն մոտեցումներ»-ի մասին խոսեց Միքայելյան համալսարանական կլինիկայի բժիշկ սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը: Ներկայացվեցին նաև 2023 թ․-ին Բժշկական Սեքսոլոգիայի Եվրոպական Միության ամենամյա գիտաժողովին ներկայացված կանանց և տղամարդկանց սեռական խանգարումների բուժման նորագույն մոտեցումները: 

Գիտագործնական սեմինարի ընթացքում հնչեցին մի շարք հարցեր, ներկայացվեցին կլինիկական դեպքեր, որոնց շուրջ ծավալվեցին քննարկումներ ոչ միայն սեքսոպաթոլոգների և հոգեբույժների, այլ նաև շատ տարբեր մասնագետների կողմից, ինչպես օրինակ, բժշկական  հոգեբաններ, գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ և ոչ միայն: Սեմինարը կրեդիտավորված էր, մասնակիցներին շնորհվելու են 5 ՇՄԶ կրեդիտներ։