Այս տարին կլինիկայի աշխատակիցների համար հոբելյանական է։ Արդեն 15 տարեկան ենք։

Պետք  է նշել, որ կլինիկան Հայաստանի միակ գիտաբժշկական կենտրոնն է, որի աշխատակիցները կլինիկական գործունեությանը զուգահեռ կատարում են գիտական հետազոտություններ` դրանք տպագրելով տեղական և արտասահմանյան գիտա-գործնական հանդեսներում: Կլինիկան համալրված է արտերկրում վերապատրաստված և գիտական աստիճան ունեցող մասնագետներով, որոնք բուժում և վերականգնում են անհատների և ամուսնական զույգերի սեռական առողջությունը:
  ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկան բազա է հանդիսանում Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի համար, որտեղ անց է կացվում հետդիպլոմային կրթություն՝ օրդինատուրա, ասպիրանտուրա, հարակից մասնագետների սեքսոպաթոլոգիայի առարկայի ցիկլային դասընթացներ,  մասնագիտական վերապատրաստումներ:
 Ս/թ մայիսի 17-ին ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկան և ամբիոնը, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի համատեղ հանդիսավոր կերպով նշեց կլինիկայի տարեդարձը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիյաի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Ա.Դ. Գրիգորյանը: Այնուհետև կլինիայի հիմնադիր, պրոֆ. Ա.Է. Հակոբյանը ելույթ ունեցավ ‹‹ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի անցյալը ներկան և ձեռքբերումները›› զեկուցմամբ՝ ընդգծելով սեքսոպաթոլոգիայի դերը և կարևորությունը ընդհանուր բժշկության ոլորտում:  Միջոցառմանը ներկա էին նաև ‹‹Հերացի›› թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ, պրոֆ. Ա.Յ. Բաբլումյանը և տեղակալ Ա.Հ. Բդոյանը: Միջոցառումը ամփոփվեց կլինիկայի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրերի առաջարկություններով:
Համալսարանական կլինիկան շարժվում է ժամանակին համահունչ։ Սեռական խանգարումները բուժվում են ժամանակակից մեթոդներով և բարձր արդյունավետությամբ։ Կլինիկան աշխատում է «Սեռական առողջությունը ընտանիքի հիմնասյուներից մեկն է» կարգախոսով, քանի որ առողջ ընտանիքը ամուր պետության գրավականն է։