Այդ նուրբ հարցի մասին լռում են դպրոցում, իսկ ընտանիքում ծնողներն աշխատում են շրջանցել այդ հարցը` հուսալով, որ հարցի պատասխանը ցույց կտա հետագա անձնական կյանքը:

Ստացվում է, որ անտեսվում է մարդու սեռական դաստիարակությունը՝ հանգեցնելով անլուրջ վերաբերմունքի եւ անխոհեմ սեռական վարքագծի: Օրերս Երևանի պետական բժշկական համալսարանի 6-րդ լսարանում Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր անդամ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպոթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ներկայացրեց «ՍԵՌԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ» գիտահանրամատչելի դասախոսությունը: Բժիշկն անդրադարձավ սեռական դաստիարակության սխալների, առավել տարածված սեռական խնդիրների, որոնց մասին յուրաքանչյուր ոք պետք է պատկերացում ունենա:

«Փողոցի լեզուն», ցավոք, հաճախ դառնում է սեռական անատոմիայի նկարագիրը» ցավով փաստեց բժիշկ-սեքսոպաթոլոգն ու անհեթեթ համարեց՝ «Առողջ ապրելակերպ»-ի դասավանդումը դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչներին վստահելը: «Սեռական դաստիարակության դասավանդումը ֆիզկուլտուրայի ուսուցչին վստահելը տարակուսելի և վիճելի հարց է, քանի որ դասընթացը պահանջում է հատուկ մասնագիտացում և սպեցիֆիկ մեթոդաբանություն», - նշեց Վ. Շահրամանյանը:

Իր ամփոփիչ խոսքում սեքսոպաթոլոգը կոչ արեց յուրաքանչյուր գանգատի դեպքում դիմել մասնագետների օգնությանը ու խնդիրը լուծել միայն բժիշկների օգնությամբ և հսկողությամբ:

Դասախոսության ավարտին տեղի ունեցավ քննարկում: Ներկաները ակտիվորեն հնչեցրին իրենց հուզող հարցերն ու բժիշկ Շահրամանյանից ստացան օգտակար պատասխաններ: