Ապրիլյան պատերազմից հետո կյանքի համար պայքարող տղաներից շատերը հույս անգամ չունեին, որ մի օր կխոսեն, կշարժվեն կամ կքայլեն: Հենց այդ ժամանակ որոշվեց. Հայ զինվորը վերականգնողական կենտրոն պետք է ունենա: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գործարկմամբ արդեն լիովին լուծվում է հենաշարժողական խնդիրներով զինվորների վերականգնման հարցը։
Հարգանքի տուրքը մատուցելու, Վերականգնողական կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաև նոյեմբերին կայացած գիտաժողովի մասնակիցներին վկայականներ հանձնելու նպատակով դեկտեմբերի 6-ին Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան իր հերթական, բայց հանդիսավոր նիստը այս անգամ անցկացրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկաներին մասրամասնորեն ներկայացրեց կենտրոնի գործունեությունը։
Կենտրոնը ամբողջական վերականգնողական համալիր է, որտեղ լուծվում են զինվորական հաշմանդամների ոչ միայն առողջական ու վերականգնողական, այլև սոցիալական, կրթական, աշխատանքային և այլ խնդիրները:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը քառահարկ է: Առաջին հարկում կա երկու լողավազան` քայլող և հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողների համար: Երկրորդ հարկում մասնագետների, ուսումնական սենյակներն են և մարզասրահները, իսկ 3-րդ և 4-րդ հարկերում՝ հիվանդասենյակները, որոնք դժվար է դասական իմաստով հիվանդասենյակ համարել: Յուրքանչյուր սենյակը տարբերվում է պատերի գույնով, կահավորմամբ, որպեսզի տղաները նաև հոգեբանորեն դուրս գան հիվանդանոցային պայմաններից ու իրենց զգան բառացիորեն ինչպես տանը:
Կենտրոնը հիմնադրվել է Պաշտպանության նախարարության, Երևանի բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի և կամավորության հիմքով զինվորների վերականգնմամբ զբաղվող կինեզիստների թիմի համատեղ ջանքերով:
Հետաքրքիր և տպավորիչ շրջայցից հետո նիստի մասնակիցները հավաքվեցին յուրահատուկ ճաշակով, գեղարվեստական ուրույն լուծումներով, հարմարավետ շքասրահում՝ մտերմորեն զրուցելու և սրճելու։ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, պրոֆ. Արամ Հակոբյանն իր խոսքում նշեց. «Այս հանդիպումը սովորական չէ։ Մենք պետք է հիշենք, որ մասնագիտական պարտականությունները կատարելուց բացի, բժիշկը պետք է չմոռանա բարոյական պարտքի մասին։ Մենք՝ բոլորս, խղճի, մտքի, խոսքի, վերաբերմունքի և ուշադրության պարտք ունենք մեր զինվորների առաջ։ Մենք միշտ պետք է փոխադարձաբար աջակից լինենք մեկ-մեկու։ Եվ այդ առումով այսօր Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան և իր ընկերները (հոգեբույժ, հոգեբան) իրենց համեստ աջակցությունն են ցուցաբերում Վերականգնողական կենտրոնին։ 
Մի խոսքով՝ սա վերականգնողական կենտրոն է բառի ամենալայն ու ամենադրական իմաստով: Սա, կարելի է ասել, բոլորիս բարոյական պարտքի արժանապատիվ վերադարձն է նրանց, ովքեր հայրենիքի պաշտպանության զոհասեղանին են դրել իրենց թանկագին առողջությունը», - իր խոսքը եզրարափակելով՝ նշեց պրոֆ. Ա. Հակոբյանը։ 
Հեղինակ՝ Վ. Շահրամանյան