Կուսությունը գաղափար է, որը կարելի է բնութագրել իբրև մաքրություն, սրբություն, անարատություն: Իսկ ի՞նչ է կուսաթաղանթը: Կուսաթաղանթը անատոմիական միավոր է, շարակցական հյուսվածքի մի կտոր` տեղակայված հեշտոցամուտքում:
Ցավոք սրտի և շատ հաճախ կուսաթաղանթը և կուսությունը օգտագործվում են իբրև հոմանիշներ: Եթե կույս, ապա` կուսաթաղանթի պարտադիր առկայություն և հակառակը: Մինչդեռ կուսություն գաղափարի կրողը` կույս է գաղափարով, այլ ոչ անատոմիական չափանիշով: Կույս աղջիկը երբևէ չի ճանաչել որևէ տղամարդու, չի զգացել տղամարդու մարմնի շունչը: Կուսությունը, և ոչ թե կուսաթաղանթը, անգնահատելի նվեր է, որ մատուցվում է ապագա ամուսնուն կամ սիրեցյալին: Կուսության հետ մեկտեղ օրիորդը ընտանիք է բերում ազնվություն, անկեղծություն, հավատ և վստահություն: Դժբախտաբար սակայն, կուսության գաղափարը հակասության մեջ է հայտնվում կնոջ սեռական ֆիզիոլոգիայի հետ: Կնոջ մարմինը սկսում է ծաղկել, և արթնանում է սեռականությունը, որի հետ պետք է հաշվի նստել, քանի դեռ ինքը` սեռականությունը, «չի բարձրացրել բողոքի իր ձայնը»: Սեռականությունը պահանջ ունի դրսևորման, այն էլ` լիարժեք դրսևորման, որ վերջին հաշվով ենթադրում է միաձուլում հակառակ սեռի հետ: Մինչդեռ մեջտեղ են ընկնում կուսության անզիջում գաղափարը և այդ չարաբաստիկ կուսաթաղանթը: Եվ ինչ է մնում անել, եթե չես ուզում արհամարհել սեռականության ներկայությունը մարմնումդ. մեջտեղից վերացնել գլխավոր արգելքը` կուսաթաղանթը, թեկուզև ժամանակավոր, կամ ուղղակի շրջանցել այդ արգելքը: Սակայն այս դեպքում էլ հայտնվում ես պարահանդեսին իբրև անկոչ հյուր, զարտուղի ճանապարհով հայտնված անօրինական դեմք, որի գլխավոր և կպչուն նպատակն է դառնում ինքնահաստատումը և ինքնաարդարացումը: ՈՒ այսպիսով սկսվում է կեղեքումների անողոք շրջանը: Հեռու մնացին անարատությունը, մաքրությունը, անկեղծությունն ու վստահությունը, մնացած արժեքներն ու ֆիզիոլոգիական նորմերը: Դե ինչ արած` միշտ չէ, որ մարդը ներդաշնակ է ընթանում բնության օրենքներին…